«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Եթե ամփոփենք քաղաքական 2015-ը, եղա՞ն իրադարձություններ, որ իրենց ազդեցությունը կունենան նաև 2016-ի վրա:
-Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում էր՝ ոչ մի տարի նախորդ տարվա նման չէ: Ամեն հաջորդն էլ նախորդի նման չէ: Հաղորդակցության միջոցների զարգացումը ջնջել է տարածությունը, աշխարհի խնդիրներն այսօր դառնում են բոլորիս խնդիրները, միայն հայաստանյան իրադարձություններով գնահատական տալը կիսատ ու անհեթեթ է: Բազում իրադարձություններ եղան անցնող տարում, որոնք և՛ շարունակվելու են, և՛ իրենց ազդեցությունն են ունենալու: Առաջինն ու հիմնականը, որ կազդի Հայաստանի վրա, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունն է, որ Սիրիայի խնդրով խորացավ, իսկ ռուս-թուրքական առճակատումով մտավ մեր տարածաշրջան: Որևէ մեկը չի կարող բացառել, որ Թուրքիան, Ռուսաստանին առնչվող իր խնդիրները լուծելիս, չի օգտագործի ադրբեջանական գործոնը՝ սահմաններում իրավիճակը սրելով, նույն տրամաբանությամբ ոչ ոք չի կարող բացառել, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ խնդիրները չի փորձի լուծել մեր սահմանին լարում ստեղծելով: Թուրքիան միշտ հավատարիմ է մնում Ադրբեջանի շահերին, իսկ ՌԴ-ի համար ՀՀ շահը սակարկության միջոց է, կախված իրավիճակից և գրեթե միշտ ի վնաս Հայաստանի:
-Երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, մեր դեմ է դա ուղղվում, երբ ռազմավարական դաշնակիցներ են դառնում, նույնպես մեր դեմ է աշխատում։ Ի՞նչ հարաբերություններ պետք է լինեն, որ մենք կորուստներ չունենանք:
-Ես կարծում եմ՝ պետությունները ընտանիքների նման են: Եթե որևէ ընտանիք ապրում է իր թաղամասում, իր խնդիրները տեղում էլ պիտի լուծի: Երբ փորձում է այլ թաղերում լուծել, «տղա բերելու» նման է, ինչը և՛ տգեղ է, և՛ ճիշտ չէ: Հարևանների հետ խնդիրները հարևաններիդ հետ էլ պիտի լուծես, դրսից բերած «տղան» սեփական շահերն է ունենում:
-Ի՞նչ կարող է Հայաստանը միայնակ անել:
-Հայաստանը միայնակ չէ, Հայաստանը անկախ պետություն է, գոնե դեյուրե, և պետք է անկախ քաղաքականություն վարի: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ոչ թե պետք է տեղին-անտեղի, տարբեր մակարդակների հանդիպումներում դժգոհել ու հայտարարել, թե «գնդակը Թուրքիայի դաշտում է», այլ, անցյալը չմոռանալով, ապագայի մասին մտածել: Միշտ կան քայլեր, որ կարող են արվել, թեկուզ այսրոպեական արդյունք չտալով՝ հիմք են ստեղծելու նոր զարգացումների: Թուրքիան մեր հարևանն է և ոչ մի տեղ չի անհետանալու՝ ելակետը սա պիտի լինի: Ի վերջո, Ցյուրիխում արձանագրություննե՞ր ենք նախաստորագրել, ամբողջ աշխարհին իրավիճակ փոխելու բարի կա՞մք ենք ցույց տվել, ուրեմն, անկախ այն բանից, թե ինչ կանի Թուրքիան, պիտի վավերացնել արձանագրությունները ու Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել՝ դա է գնդակը Թուրքիայի դաշտ նետելը, ոչ թե սպասել, թե ամեն առիթով-չառիթով Անկարան ինչ հայտարարություն կանի ու չի անի:
-Մեր հարևանն է նաև Ադրբեջանը, հետո՞:
-Հայաստանը պիտի նշի սահմանը, որից այն կողմ չի համաձայնի խնդրի լուծմանը: Մենք չպիտի պասիվ կեցվածքով սպասենք՝ Բաքուն համաձա՞յն է, համաձա՞յն չէ, ուզո՞ւմ է, չի՞ ուզում, ի՞նչ է ուզում, ի՞նչ չի ուզում: Ժամանակն է, որ մենք ասենք՝ մենք ինչ ենք ուզում ու ինչ չենք ուզում, մենք պիտի ցանկացած իրավիճակի հանգուցալուծման նոր առաջարկներ անենք, նորանոր հանդիպումների պահանջ դնենք՝ քաղաքականից ռազմական բոլոր հարցերի քննարկման համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է կոնֆլիկտի կարգավորմամբ, բայց համանախագահները չեն հարցերը լուծելու՝ նրանք միջնորդներ են, իսկ մենք դա հաճախ մոռանում ենք ու ամեն այցից սպասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը գրելու են, բերեն, մենք էլ չեմուչում անենք:
-Պասիվ կեցվածքով չենք սպասում, ի՞նչ ենք անելու:
-Առաջին հերթին պիտի աշխատենք աշխարհաքաղաքական անընդհատ փոփոխվող իրավիճակներում մեզ համար շահեկան պահերը գտնել ու օգտագործել: Աշխարհում ինչ ասես լինում է, իսկ Հայաստանը ոչ մի վերաբերմունք չունի, Հայաստանը տեսակետ չունի, որ վկայում է մեր դիվանագիտության անդեմությունը, ավելին՝ բացարձակապես ռուսական շահերի պաշտպանության դաշտում գործելը, որի ապացույցն են միջազգային կառույցներում նաև մեր պատվիրակությունների քվեարկություններն ու պատվիրակների ելույթները: Դա թուլացնում է Հայաստանի սուվերենությունը և հարված է պետականությանը: Ավելին, թուլացնում է Հայաստանի դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում, դու դառնում ես ոչ թե հուսալի դաշնակից, որի շահերը ևս պիտի հաշվի առնել, այլ կամակատար, որին ոչինչ պարտավոր չես նույնիսկ բացատրել: Ի՞նչ կարող ենք անել: Օրինակ, պնդել սահմանները վերահսկող տեխնիկական միջոցների տեղադրումը, որպես դիտարկման լավագույն միջոց, պնդել դիպուկահարների հեռացումը, որ ընկալելի և ընդունելի է միջազգայն հանրության համար: Ինչու ո՞չ, որպես տակտիկական քայլ, որոշ ժամանակով կարելի է միակողմանի դիպուկահարներին հեռացնել սահմանից՝ ճնշումը մեծացնելով, աշխարհի հետ համաձայնության և բարի կամքի դրսևորմամբ:
-Դա չի՞ վտանգի սահմանների պաշտպանությունը:
-Սահմանը միայն դիպուկահարները չեն պաշտպանում, ռազմական տեխնիկայի մեծ զինանոց կա: Միջազգային հանրությունը պիտի ոչ մի կասկած չունենա, որ սահմանային միջադեպերի առաջին մեղավորն Ադրբեջանն է: Պետք է արվեն առավելագույնս արդյունավետ քայլեր, որոնցով Հայաստանը կտարբերվի Ադրբեջանից:
-Հայաստանը Ադրբեջանից տարբերելու միայն ռազմակա՞ն խնդիրներ կան:
-Իհարկե՝ ոչ: Առաջին և հիմնական խնդիրը քաղաքականն է՝ Հայաստանն ու Ղարաբաղը պիտի լինեն անհամեմատ ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է: Իհարկե, մենք այսօր էլ տարբերվում ենք ժողովրդավարական ազատությունների, մամուլի ազատության, մարդու իրավունքների տեսակետից, բայց այդ տարբերությունը իրականում մեծ չէ: Ժողովրդավարության մակարդակը կարևորագույն ցուցիչ է՝ որևէ ժողովրդավար երկիր, կազմակերպություն չի կարող ժողովրդավարական երկրից մաս անջատել ու կցել հակաժողովրդավարական երկրի, դա կփորձեն միայն բռնապետական երկրները, որտեղ իշխանությունը չի ձևավորվում ընտրություններով:
-Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մի քանի օր առաջ վերջապես հանդիպեցին Բեռնում, և ի՞նչ:
-Սովորաբար երկու նախագահների հանդիպումից առաջ սահմանային լարված իրավիճակներ են ստեղծվում, դա ավանդույթ է դարձել ու ստիպում է մտածել՝ ավելի լավ չէ՞ր՝ չհանդիպեին: Բայց չհանդիպելու հակառակը պատերազմն է, նոր զոհեր չունենալու համար պետք է ավելի հաճախ հանդիպել: Տնտեսական ու սոցիալական խնդիրների խորացումը կարող է վերածվել անվտանգության խնդրի: Իսկ Բեռնում, կարծում եմ, առաջընթաց չգրանցվեց, նման սպասելիքներ չկային էլ: Ես կարծում եմ, որ հակամարտության հաղթահարման գործընթացում նոր գյուտեր լինել չեն կարող, կան տարբերակներ՝ փուլային, փաթեթային, մադրիդյան սկզբունքներ, որոնք քիչ են միմյանցից տարբերվում, խնդրի լուծման գնալու քաղաքական խիզախություն է պետք երկու կողմից էլ: Լուծում բերող՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները կզրկվեն իշխանությունից՝ հասկացված չլինելու պատճառով, բայց պատմության մեջ մտնում են խաղաղություն բերողները:
-2017-2018-ը դառնում է հարցի լուծման առավել հավանական ժամանա՞կ:
-Հիմա մենք անհամեմատ հեռու ենք հարցի լուծումից, քան երբևէ: Հետևելով վերջին երկու-երեք տարիների ՄԽ համանախագահների հայտարարություններին, տեսնում ենք, որ հիմնականը իրավիճակը ավելի չլարելն է: Իհարկե, ադրբեջանական կողմի մեղքն ավելի մեծ է, որն օրեցօր անհանդուրժող է դառնում, իր զինանոցում կուտակել է նորանոր զինատեսակներ և ներշնչում է իր ժողովրդին, որ ինչ համարում է իրենը, զենքով կարող է վերցնել: Այստեղ լուրջ ասելիք ու անելիք ունի միջազգային հանրությունը: Նաև՝ մենք չպետք է մեր ասելիքն ու անելիքը թողնենք միջազգային հանրությանը և օգտագործենք մեր ամբողջ ներուժը: Իշխանությունները պիտի իմաստնություն ու կամքի ուժ ունենան՝ համախմբելու այդ ներուժը, ոչ թե փոշիացնելու տարբեր, անհեթեթ «այո»-ներով ու «ոչ»-երով, շատ հարուստներով ու շատ աղքատներով՝ ջլատելով երկիրն ու ջուր լցնելով ադրբեջանցիների ջրաղացին:
-ՄԽ համանախագահները մշտապես պարիտետային հայտարարություններ են անում, հասցեական դարձնելը մեզնի՞ց է կախված, թե՞ իրենց աշխատանքն է:
-Վերջին շրջանի հայտարարությունները, եթե նկատել եք, հստակ մատնանշում են՝ ով ով է: Պատահական չէ, որ Բաքուն ձգտում էր ՄԽ ԱՄՆ համանախագահին փոխել, համարելով հայերի շահերի պաշտպան: Երբ միջազգային հանրությունը սկսում է ուղղորդված անվանել մեղավորին, Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական լոբբին է խոսում: Երբ հակառակն է հնչում, մենք ենք խոսում «խավիարային» դիվանագիտության ու նավթադոլարների մասին:
-Դեկտեմբերի 6-ին կառավարման մոդել փոխեցինք, այլևս չեն լինելու համաժողովրդական նախագահական ընտրություններ, քաղաքական դաշտում դա ազդեցություն կունենա՞:
-Երբեմն դեղամիջոցն ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան հիվանդությունը: Սահմանադրության փոփոխությունն այդ դեպքն է: Համոզված եմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են անհամեմատ դաժան, քան եղած բոլոր ընտրությունները: Իշխանությունները հասկանալու են, թե ողջ օրենսդրական դաշտն ու կառավարման համակարգը փոխելն ինչ հետևանքներ են ունենալու իրենց սեփական ամբիցիաների համար։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում՝ հասարակության համաձայնություն ձևավորելու փոխարեն այսպիսի խրամատավորում առաջացնելը, հասարակության տեսակետը չհարգելը, հանրաքվեում խայտառակ ընտրախախտումների գնալը կոպտագույն սխալ է, բումերանգ, որ վերադառնում է ուղիղ նետողի ճակատին:
-Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի համար ավելի շահեկան կլիներ, եթե ՀԱԿ-ը անհրաժեշտ ստորագրությունները հավաքեր և ՍԴ դիմեր՝ իմանալով հանդերձ, թե ինչ որոշում է կայացվելու:
-2003-ին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուց հետո ՀՀԿ-ն դարձավ փակ բաժնետիրական ընկերություն՝ իր բաժնեմասից տոկոսներ ու շահույթ ստացող: Բացի մի մարդուց՝ ո՞վ կարող է այսօր ՀՀԿ-ում տեսակետ ունենալ կամ արտահայտել, կա՞ որևէ ՀՀԿ-ական, որ չփառաբանի իր նախագահի տեսակետը՝ անկախ այն բանից` կողմ է, թե դեմ, մասնավոր զրույցներում ինչ է ասում: Գարեգին Նժդեհից Աշոտ Նավասարդյան ու Վազգեն Սարգսյան շարքը ակնհայտ է դարձնում, որ մի օր էլ հաճույքով Սերժ Սարգսյանին են մոռանալու ու համարելու են, որ բոլոր սխալների մեղավորն ու պատճառն էր, մինչդեռ պատասխանատուն իրենք են, իրենք են մշտապես «այո» ասողը, որ ունեցածը պահեն ու ավելացնեն: Ափսոս է «Հանրապետական» հրաշալի անունը այդ կուսակցությանը, թող փոխեն, նոր անուններ դնելը մոդայիկ է՝ պատճառները բոլորը կհասկանան:
-«Հանրապետություն» կուսակցությունը ի՞նչ է անում հիմա:
-Իր անվանն արժանի կուսակցություն է ուզում լինել:
-Այսինքն, 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
-Անկասկած: Գուցե միայնակ, գուցե դաշինքով՝ նույն գաղափարներն ու տեսակետներն ունեցող կուսակցությունների համախմբմամբ: Հայաստանի հասարակության մեջ անխախտ մեծանում է եվրոպական արժեքների ընկալումը, արդեն 50 %-ից ավելին հասկանում է, որ էությամբ, կերպով, ներքին սոցիալական արդարությամբ ու բարոյականությամբ մենք շատ ավելի մոտ ենք Եվրոպային, քան Ասիային: Եթե ուզում ենք զարգացած երկիր դառնալ, մեր ապագան պիտի Արևմուտքում տեսնենք, ոչ թե Արևելքում: Մեզ համար ուղենիշ պիտի լինեն ժողովրդավարական երկրները, ոչ թե այն երկրները, որտեղ օրենքներ փոխելով՝ իրենց իշխանությունը երկարացնում են կամ ցմահ են նախագահում:
-Մարկեսի «Հարյուր տարվա մենության» Մակոնդո քաղաքի գլխավոր փողոցում մեծ պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Աստված կա»: Հայաստանում կա՞ Աստված, թե՞ մենք էլ ունենք այդ պաստառի կարիքը, որ հիշենք՝ «Աստված կա»:
-Աստծո գոյությունը ես զգացել եմ, երբ ամենախոր դժբախտության մեջ էի, համոզված եմ, որ Հայաստանում Աստծո կարիքը շատ կա: Եթե կարիքը կա, դեպի Աստված գնացողներն էլ շատ են: Կարծում եմ՝ այդ մակագրությամբ պաստառ պետք է պարզել Բաղրամյան 26-ի վրա, մնացած հասցեներում Աստծո տեղը գիտեն:
Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ